Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) նախարարների կաբինետին հանձնարարել է համաուկրաինական հանրաքվե անցկացնելու օրինագիծ մշակել: Այս մասին հայտնել է Սահմանադրության մեջ փոփոխությունների պատրաստման ժամանակավոր հատուկ հանձնաժողովի ղեկավար Ռուսլան Կնյազևիչը՝ ելույթ ունենալով «Ռադա» հեռուստաալիքի եթերում:

 

«Որքան հասկանում եմ՝ ԱԱՊԽ-ի որոշման համաձայն, նախարարների կաբինետին հանձնարարված է համապատասխան փոփոխություններ մշակել: Այնուհետեւ դրանք կմտցվեն խորհրդարան,և, ես կարծում եմ, որ խորհրդարանը դրանք պետք է վերլուծի և տա իր գնահատականը»,-ասել է նա:

 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱԱՊԽ-ն ապրիլի 28-ի իր նիստում հավանություն է տվել Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ համաուկրաինական հանրաքվե անցկացնելու որոշմանը:

 

Ավելի վաղ Տուրչինովը հայտարարել Էր, թե չի բացառում համաուկրաինական հանրաքվեն նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելու հնարավորությունը, որոնք պլանավորված են մայիսի 25-ին:

 

Իր հերթին հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է ստորագրվի և Գերագույն ռադայում համաձայնեցվի մինչև մայիսի 25-ը:

 

«Նոր Սահմանադրության տեքստը պետք Է ստորագրվի և Ուկրաինայի խորհրդարանում համաձայնեցվի մինչև 2014 թվականի մայիսի 25-ը: Դրանից հետո անհրաժեշտ է այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և Ուկրաինայի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ է այդ փաստաթուղթն ստորագրել մինչև մայիսի 25-ը, որպեսզի յուրաքանչյուր ուկրաինացի իմանա այն նախագահի ապագա լիազորությունների մասին, որին ինքն ընտրել է»,- ասել Է Յացենյուկը: