Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում հաջողությունը կամ ձախողումը կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի այս կամ այն համանախագահից: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Ես շատ եմ ցանկանում աշխատել իմ ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերների հետ' նոր գաղափարներ ներդնելու և կողմերին օգնելու' գտնել դեպի խաղաղ համաձայնագրի շուրջ իրական բանակցությունները տանող ճանապարհը»,- հայտարարել է Ուորլիքը'մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների դժգոհությունը համանախագահի գործունեության վերաբերյալ:

 

Պատասխանելով Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու վերաբերյալ արած իր հայտարարության վերաբերյալ հարցին' ԱՄՆ համանախագահը նշել է, որ այդ պարագայում կողմերը կարող էին լուծել վստահելի էլեկտրամատակարարման պահանջարկի հարցը: «Շփման գծի երկու կողմերի մարդիկ կարող էին համատեղ աշխատել, որպեսզի ունենային անմիջական դրական ազդեցություն բոլոր նրանց վրա, ովքեր տուժել են հակամարտության հետևանքով: Մենք շարունակում ենք աջակցել բոլոր այն միջոցներին, որոնք կարող են թուլացնել լարվածությունը և վերականգնել կողմերի միջև վստահությունը»,- նշել է Ջեյմս Ուորլիքը: