Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարել Է՝ բոլոր ընտրատեղամասերում վերահաշվել Կիևի քաղաքային խորհրդի ընտրությունների ձայները՝ կեղծումների վերաբերյալ արված հայտարարությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին:

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարված է անհապաղ Կիևի բոլոր ընտրատեղամասերում անցկացնել Կիևխորհրդի ընտրությունների ձայների վերահաշվարկ»,-մայիսի 30-ին նրա խոսքը տեղ է գտել նախագահական կայքում:

 

Պաշինսկու խոսքով՝ Տուրչինովը արձագանքել է «Ժողովրդավարական դաշինքի» առաջնորդ Վասիլի Գացկոյի դիմումին, որում հաղորդվում է, թե «այսօր Կիևում տեղի են ունենում գործողություններ, որոնք ունեն լայնամասշտաբ խայտառակ հանցագործության նշաններ՝ քաղաքային խորհրդի ընտրություններում քաղաքական կուսակցություններից մեկի ձայների գողություն»: Ընդ որում կուսակցության անվանումը չի ճշտվում:

 

Ինչպես հայտնել է Պաշինսկին, Տուրչինովը դատախազության, ներքին գործերի նախարարության և Ուկրաինայի անվտանգության ծառայության մարմիններից պահանջել է անցկացնել ձայների հաշվման մանրակրկիտ ստուգում և, Կիևում ընտրությունների կեղծման փաստերի հայտնաբերման դեպքում, ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ:

 

Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի ընտրությունները Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի են ունեցել անցած կիրակի օրը՝ մայիսի 25-ին, պետության ղեկավարի ընտրությունների հետ միաժամանակ:

 

Կիևի քաղաքային տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից 80 տոկոս քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքում՝ Կիևի քաղաքային խորհուրդ է անցնում ութ կուսակցություն: Այսպես, 39,66 տոկոս ձայն է հավաքել է ՈւԴԱՌ կուսակցությունը, 8,99 տոկոս՝ Արմատական կուսակցությունը, 6,78 տոկոս՝ «Սամոպոմոշչ»-ը, 6,38 տոկոս՝ «Ազատություն»-ը, 4,06 տոկոս՝ «Բատկիվշչինա»-ն, 3,53 տոկոս՝ «Քաղաքացիական դիրքորոշում»-ը, 3,31 տոկոս՝ «Նոր կյանք»-ը և 3,22 տոկոս՝ «Միասնություն» կուսակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: