Քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի 3 թաղամաս են ազատագրել «Իսլամական պետության» վերահսկողությունից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քաղաքի հարավային կողմում բախումների ընթացքում ԻՊ-ի 2 մեքենա են ոչնչացվել, սպանվել են 12 զինյալ:

 

Քրդական ուժերին հաջողվել է թուլացնել ահաբեկիչների շրջափակումը՝ շնորհիվ բեշմերգա ուժերի և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի ռմբակոծություների: Այնուամենայնիվ, քաղաքը դեռ գտնվում է շրջափակման մեջ: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները սեպտեմբերի 16-ից սկսած ավելի քան 3 հազար անդամների կորուստ են ունեցել: Մյուս կողմից' ահաբեկիչները թարմ ուժերով համալրում են իրենց շարքերը, թարմացվում են նաև նրանց տեխնիկան ու զենքերը:

 

Քոբանի քրդաբնակ քաղաքը մոտ 2 ամիս հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել դեպի Թուրքիա: