ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ցանկանում որպես տարբերակ դիտարկել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարություն անցնող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն, անդրադառնաով ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ հակառակորդը կարող է նման ցանկություն ունենալ: «Բայց ես այս պահին չեմ էլ ցանկանում դա որպես տարբերակ դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարող են տարբեր հայտարարություններով հանդես գալ և տարբեր ցանկություններ հայտնել, սակայն օրակարգում ռազմական հանցագործներին վերադարձնելու հարց չկա:

 

Կորյուն Նահապետյանի խոսքով' բոլոր դեպքերում Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը պահպանի միջազգային նորմերը: «Եվ հենց այդ նորմերի հիման վրա էլ հակառակորդը պետք է վերադարձնի մեր զոհված օդաչուների դիակները»,- նշեց Նահապետյանը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

 

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ: