Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիա մատակարարվող օրական 42 մլն խմ բնական գազի ծավալը նվազեցրել է 27-28 մլն խմ-ի, ինչն իրենց համար շատ վատ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Նրա խոսքով' Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալների գրեթե երկու անգամ կրճատվելը խնդիրներ է առաջացնում, քանի որ Թուրքիան գազի կարիք ունի:

 

«Մենք չէինք ցանկանա, որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ուղղակիորեն ազդեին նաեւ մեզ վրա: Եկող շաբաթ աշխատելու ենք այդ խնդիրը լուծել Մոսկվայում: Մենք ժամանակին վճարում ենք Ռուսաստանի մատակարարած գազի դիմաց: Ռուսաստանը պետք է պահպանի պայմանագրի պայմանները», -ասել է նա: