Թուրքիայում արգելվել է մինչեւ խորհրդարանում ստեղծված հետաքննական հանձնաժողովի աշխատանքների ավարտը' 2014 թվականի դեկտեմբերի 27-ը մամուլում լուրեր հրապարակել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրավապահ մարմինների կողմից բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասնակից 4 նախկին նախարարների մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:
Նշվում է, որ այդ արգելքն արվել է, որովհետեւ 4 նախկին նախարարների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են գաղտնի եւ մամուլի համար փակ, քանի որ Անկարայի հանրապետական դատախազությունը 2014 թվականի նոյեմբերի 21-ին խորհրդարան հղած գրությամբ խնդրել է ԶԼՄ-ներին պարտադրել մինչեւ աշխատանքների ավարտն այդ մասին հրապարակումներ չանել:
Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացված գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանի, գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցու թյան բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Ռեզա Զարրաբի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք է առաջադրվել նաեւ Թուրքիայի' Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո վերոնշյալ նախարարները հրաժարական են տվել: Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարների եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների:
Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: