ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որը կհավաքի մոտ 50 երկրների նախարարների, կանցկացվի դեկտեմբերի 4-5-ը շվեյցարական Բազելի Ցուցադրությունների կենտրոնում' 2014 թ. ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից:
Նախարարների խորհուրդը ԵԱՀԿ-ի կենտրոնական որոշումների կայացման և կառավարման մարմինն է: Հանդիպումը անցկացվում է յուրաքանչյուր տարի և հնարավորություն է ընձեռում ԵԱՀԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարներին, առավել քան 70 պատվիրակությունների, գործընկեր երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների վերանայելու և գնահատելու նախորդ տարի կազմակերպության գործունեությունը և ազգային տեսակետները անվտանգության հարցերում:
Գալիք հանդիպման ընթացքում արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը և ԵԱՀԿ-ի տարածաշրջանում և դրանից դուրս ընդհանուր մարտահրավերները: Խորհուրդը կանդրադառնա նաև Սերբիայի կողմից կազմակերպության նախագահության ստանձնումը, որը կմեկնարկի հունվարի 1-ից: