ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական հակամարտության պատճառը Եվրոպայի՝ ինտեգրման հարցերում Ռուսաստանի կարծիքը հաշվի չառնելու ցանկությունն է: Այդ մասին վարչապետն ասել է «Независимая газета»-ին տված հարցազրույցում:

 

Մեդվեդևը դժգոհել է, որ ԵՄ-ն երկար տարիներ հրաժարվել է թույլ տալ ռուսական կողմին մասնակցել Ուկրաինայի հետ ասոցացման բանակցություններին, սակայն համաձայնել է դա անել 2014թ. ամռանը։

 

«Եվ այժմ հնարավոր չէ հարց չտալ. իսկ ի՞նչ կլիներ, եթե Եվրոպան ժամանակին համաձայներ համատեղ քննարկմանը։ Շատ ողբերգություններից հնարավոր կլիներ խուսափել։ Ուկրաինայի արևելքում չէր ընթանա քաղաքացիական պատերազմ»,- նշել է Մեդվեդևը։

 

Վարչապետը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների' Եվրոպայի հետ մերձենալու ձգտումները սխալ են: Նրա կարծիքով' այդ նույն ուղիով գնացել է նաև երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչը, բայց ինչ-որ պահի փոխել իր միտքը:

 

«Ուկրաինայի ղեկավարներն ինչ-որ տեղ հնարավոր է՝ կրկնում են Յանուկովիչի սխալները: Գոյություն ունի միայն մեկ տարբերություն: Յանուկովիչը, հասկանալով իր սխալը, իր մեջ ուժ է գտել և փորձել է դադարեցնել այս գործընթացը»,- գրել է Մեդվեդևը: