Թուրքիայի Կապադովկիա պատմական շրջանում, Գերեմե քաղաքի մոտ չինացի եւ մալայզիացի զբոսաշրջիկներով օդապարիկի ընկնելու հետեւանքով 1 մարդ զոհվել, 9-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

 

Օդապարիկի ընկնելու պատճառը հայտնի չէ: Վթարի ժամանակ զոհվածը Չինաստանի քաղաքացի է: Վիրավորները տեղափոխվել են Նեվշեհիրի հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:

 

Անցյալ տարվա մայիսին Կապադովկիայում օդում երկու օդապարիկների բախվելու արդյունքում չորս զբոսաշրջիկներ զոհվել էին, ինչից հետո թուրքական իշխանությունները խստացրել են նման թռիչքների նկատմամբ պահանջները:

 

Կապադովկիան Անկարայից 250 կմ հեռավորության վրա գտնվող հրաբխային ծագմամբ արտասովոր լանդշաֆտով գեղատեսիլ պատմական վայր է, որտեղ պահպանվել են մեծ թվով բյուզանդական եւ հունական հուշարձաններ: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: