Հաջորդ տարի ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարվող աշխատանքների շարքում առանցքային են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 27-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

«Շատ կարևոր էր հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում ասել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով: Այդ ասելիքը պետք է ուղված լինի մեզ և ամբողջ աշխարհին: Մեզ պետք է կրկին պատմել մեր պատմությունը, որը մենք ապրեցինք Ցեղասպանությանը հաջորդող 100 տարիների ընթացքում:

 

Կարևոր է, որպեսզի մենք ճիշտ մատուցենք այդ պատմությունը, և այդ իսկ առիթով Մշակույթի նախարարությունը' Պատմության թանգարանի, Պետական արխիվի, Պատմության ինտիտուտի և Մայր Աթոռի հետ նախաձեռնեց ցուցահանդես, որը նվիրված է Ցեղասպանություն ից հետո մեր պատմությանը», - տեղեկացրեց Հասմիկ Պողոսյանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում 2015թ.-ին, արտերկրի հռչակավոր բեմերում ծրագրվում է իրականացնել «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգներ՝ նվագախմբերի ու անհատ կատա­րողների մասնակցությամբ, արտերկրում կանցկացվեն նաև հայկական քաղաքակրթությունը ցուցադրող լայնածավալ, ինչպես նաև թեմատիկ ցու­ցա­հանդեսներ:

 

«Հայաստանը Հայոց ցեցասպանության թեման արծարծող միջոցառումներով գալիք տարի կներկայանա Վենետիկի բիենալեում, Պեկինի միջազգային բիենալեում, Պրահայի «Կվադրինալե թատերական փառատոնում, գրքերի տոնովաճառներում և այլուր: Նաև Հայաստանում, Ցեղասպանության տարելիցին նվիրված ծրագրերի շրջանակում տեղի կունենան «ԱրմԲուք Էքսպո» գրքի փառատոնը, որն ապրիլին կներկայացնի վերջին տարիներին արտերկրում տպագրված, Հայաստանին վերաբերվող գրքեր և շուրջ 3000 գիրք՝ նվիրված Ցեղասպանությանը», - տեղեկացրեց Հասմ իկ Պողոսյանը:

 

Մշակույթի նախարարը հավելեց, որ «Ոսկե ծիրանի» փառատոնի աջակցությամբ տարբեր երկրներում տեղի կունենան Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ:

 

Հաջորդ տարի Մշակույթի նախարարության միջնորդությամբ ծրագրվում է իրականացնել միջազգային գիտագործնական հա­մա­ժո­ղով­ներ, գրական, երաժշ­տական, թատե­րական ծրագրեր, ցուցադրություն­ներ և հեռուստա­նախագծեր աջակցություն ֆիլմերի արտադրությանը, գրականության հրատարակում, որոնց հիմնական մասը թարգմանական գրականություն՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: