Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում դեկտեմբերի 28-ին Ս. Պատարագի ընթացքում հրապարակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: Այս մասին «Արմենպրես»-ի  փոխանցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

 

Միածնաէջ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 

Հայրապետական Սրբատառ կոնդակում ասվում է.

Գարեգին Բ ծառայ Յիսուսի Քրիստոսի, ողորմութեամբն աստուծոյ եւ կամօքն ազգիս Եպիսկոպոսապետ եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ծայրագոյն պատրիարք համազգական նախամեծար Աթոռոյ Արարատեան, Առաքելական մայր եկեղեցւոյ Սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի

 

Քրիստոսաւանդ սիրոյ ողջոյն եւ օրհնութիւն Հայրապետական, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, պատրիարքութեանց Հայոց Սրբոյ Երուսաղիմայ եւ Կոստանդնուպոլսոյ, Արքեպիսկոպոսաց, Եպիսկոպոսաց, Վարդապետաց, Քահանայից եւ Սարկաւագաց, Թեմական երեսփոխանական ժողովոց, թեմական եւ համայնքային խորհրդոց եւ պաշտօնէից եւ սիրեցեալ համայն հաւատացեալ ժողովրդեան Հայոց

«Ճանապարհք արդարոց որպէս լոյս ծագեն,

առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչեւ տիւն լուսաւորեսցէ»

(Առակ. Դ 18) :

 

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առջեւ ենք' մեր հոգիներում արդարութեան եւ ճշմարտութեան անլռելի, զօրեղ պահանջով:

 

2015 թուականի իւրաքանչիւր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման եւ խնկարկման օր է, հոգեւոր երթ դէպի Հայրենիքում եւ Սփիւռքում վեր յառնած նահատակաց յուշարձաններ' ծնրադիր խոնարհումով աղօթք բարձրացնելու անշիրիմ մնացած մեր անմեղ զոհերի հոգիների համար, ովքեր մահն ընդունեցին' մերժելով հաւատուրացութիւն եւ ազգուրացութիւն: Յիրաւի, «Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որն առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի»:

 

1915 թուականին եւ հետագայ տարիներին օսմանեան Թուրքիայի կողմից իրագործուեց Ցեղասպանութիւն մեր ժողովրդի նկատմամբ: Արեւմտեան Հայաստանում' բնօրրան մեր Հայրենիքում եւ Թուրքիայի հայաշատ բնակավայրերում կազմակերպուած ջարդերին, սովին ու հիւանդութիւններին, որ իշխում էին բռնագաղթի ճանապարհներին, զոհ գնացին ազգիս մէկ եւ կէս միլիոն զաւակներ:

 

Թալանուեց դարերով ստեղծուածը, արդար վաստակը մեր ժողովրդի: Խոնարհուեցին ու աւերուեցին հազարաւոր մեր վանքերն ու եկեղեցիները, ազգային հաստատութիւնները, դպրոցները, ոչնչացուեցին եւ կորստեան մատնուեցին մեր հոգեւոր ու մշակութային արժէքները: Հայաթափուեց Արեւմտեան Հայաստանը, որտեղ մեր ժողովուրդը հազարամեակներ' Նոյեան դարից ի վեր, ապրել, արարել եւ իր պատմութիւնն ու մշակոյթն է կերտել:

 

Մէկ դար առաջ, երբ հայրենազրկուած հայութեան բեկորները սփռուում էին ողջ աշխարհով, երբ Արեւելեան Հայաստանը կենաց եւ մահու գոյամարտ էր մղում թուրքական զաւթիչների դէմ, դժուար էր հաւատալ հայ ժողովրդի ապագային: Բայց այն ճառագեց: Մեր ժողովուրդը Տիրոջ շնորհով յառնեց մահուանից: Հայրենիքի փրկուած հողակտորի վրայ վերականգնեց պետականութիւնը, աւերակներից ու խլեակներից վերակերտեց հայրենի երկիրը, դարձրեց գիտութեան, կրթութեան, մշակոյթի, «լոյսի եւ յոյսի Հայրենիք»: Տարագիր հայութիւնը տարբեր երկրներում իր տունը կառուցեց, հայրենի ծուխը ծխեցրեց, ապրեցրեց ու բարձրացրեց իր հոգեւոր ու ազգային կեանքը:

 

Որտեղ էլ ապրեցին մեր ժողովրդի զաւակները, հասան յաջողութիւնների, արժանացան յարգանքի, վստահութեան, ճանաչուեցին բարեխիղճ աշխատանքով, գիտութեանը, արուեստին, հասարակութեան բարօրութեանը բերած աւանդով: Այսպիսին է վերջին հարիւրամեակի պատմութիւնը մեր ժողովրդի' պատմութիւն մաքառումի եւ վերածննդի: Այսօր, հակառակ բոլոր դժուարութիւնների' մեր ժողովուրդը ամրապնդում է իր անկախ պետականութիւնը, կերտում իր ազատ նոր կեանքը եւ ազգային վերազարթօնքի յոյսերով, լաւատեսութեամբ ու վստահութեամբ նայում գալիքին:

 

Փառք Քեզ, բիւր փառք Քեզ, Տէր, «Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ» (Սաղ. Ե 13): Քո յոյսով, Տէր, մեր ժողովուրդը պայծառացաւ ու զօրացաւ: Քո լոյսով փայլեց մեր հոգու հանճարը, Քո զօրութեամբ ծնունդ առան մեր յաղթանակները: Ստեղծեցինք, երբ մեր ստեղծածը աւերեցին, ապրեցինք, երբ ուզեցին կորստեան մատնել մեզ: Դու, Տէր Աստուած մեր, կամեցար, որ ապրի ու բարձրանայ եղեռնագործ ծրագրով մահուան դատապարտուած մեր ժողովուրդը եւ մարդկութեան խղճի եւ միջազգային իրաւունքի առջեւ բարձրացնի ու պաշտպանի իր արդար դատը' ընդդէմ պիղատոսեան անտարբերութեան եւ Թուրքիոյ ոճր ագործ ժխտողականութեան:

 

Արդարութեան համար' մինչեւ մեր դատի յաղթանակ, միասնաբար Եկեղեցի, Ազգ եւ Պետութիւն, աննահանջ պիտի շարունակենք մեր պայքարը: Արդարութիւն է պահանջում մեր անմեղ զոհերի արիւնը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարութիւն են պահանջում մեր աւերակուած սրբութիւնները, մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքները, նաեւ' կեղծուող եւ խեղաթիւրուող պատմութիւնը մեր ժողովրդի: Ցեղասպանութիւն վերապրած մեր ժողովուրդը հաւատացել եւ հաւատում է, որ տասնեակ երկրների, պետական, հասարակական կազմակերպութիւնների ու անհատների կողքին, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, պիտի կանգնեն նորերը, համոզումով, որ արդարութեան հաստատումը պայմանն ու երաշխիքն է թշնամանքից եւ բռնութիւնից զերծ խաղաղ աշխարհի:

 

Մէկ եւ կէս միլիոն մեր նահատակների յիշատակի առջեւ Մենք երախտագիտութեան Մեր խօսքն ենք վերստին ուղղում այն պետութիւններին, կազմակերպութիւններին եւ անձանց, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը: Երախտագիտութիւն ենք յայտնում մեր ժողովրդի զաւակներին եղբայրաբար ընդունած երկրներին ու նրանց բարեսէր ժողովուրդներին: Մարդկութեան պատմութեան լուսաւոր էջեր են արդարութեան եւ մարդասիրութեան այսօրինակ դրսեւորումները, որ սերունդներից միշտ պիտի յիշուեն եւ միշտ գնահատուեն ու նպաստեն աշխարհի խաղաղ, անվտանգ, համերաշխ կեանքին:

 

Հայոց Հայրապետիս համար հոգեւոր մխիթարութիւն է ի լուր մեր ժողովրդեան ծանուցել, որ 2015 թ. ապրիլի 23-ին մեր Սուրբ Եկեղեցին' յընթացս սրբազան պատարագի, յատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակութեան պսակն ընդունած իր զաւակներին' Ցեղասպանութեան նահատակ սրբերի յիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը:

 

Շնորհընկալ ժողովուրդ հայոց, ա՛զգ նահատակ, ա՛զգ յարուցեալ. խրոխտ ապրիր, վստահ քայլիր, հայեացքդ տապանակիր Արարատին' աներկմիտ սրտով մեծ պահիր յոյսդ: Քեզ է ուղղուած մեր Տիրոջ խրախոյսն ու պատգամը. «Թէեւ քիչ զօրութիւն ունես, բայց պահեցիր իմ խօսքերը եւ չուրացար իմ անունը: …պահիր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը» (Յայտն. Գ 8-11): Արդ, պահպանենք մեր ընթացքը Աստուծոյ առաջ արդար ու ճշմարիտ, հաւատքի հաստատուն ուղիներում, որ ծագող այգաբացի պէս ցրում է խաւարը եւ պարզում յոյսի հորիզոնները:

 

Աստուծոյ հետ է մեր ճանապարհը, եւ հաւատքի կեանքը' մեր յաղթութիւնը: 100-րդ տարելիցը արդիւնաւորենք մեր ժողովրդի մէկդարեայ մաքառումի եւ վերածննդի ուղին արժեւորելով, որպէսզի մեր զաւակները ճանաչելով իրենց պապերի եւ հայրերի ապրելու եւ ստեղծելու հերոսական կամքը, յանուն ազգի եւ Հայրենիքի ստանձնած յանձնառութիւնները' կերտեն նոր պայծառ օրը հայրենի մեր երկրի ու աշխարհասփիւռ ժողովրդի: Մեր նահատակների յիշատակի ոգեկոչումը դարձնենք ուժ եւ զօրութիւն հոգեւոր, ազգային, հայրենական մեր կեանքին եւ Աստուծոյ ու մարդկանց առաջ արդար ընթացքով լուսաւորենք մեր ճանապարհը դէպի մեր իրաւունքների, մեր նուիրական ի ղձերի իրականացման հանգրուան:

 

Քրիստոսակառոյց նուիրական հոգեւոր կենտրոնում ազգիս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղօթում ենք առ Աստուած' հայցելով խաղաղութիւն, ապահովութիւն եւ բարօրութիւն մեր Հայրենիքին, սիրեցեալ մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի եւ անմայրամուտ լոյս ու հանգստութիւն' Ցեղասպանութեան մեր անմեղ նահատակների հոգիներին: Թող մարդկութեան կեանքում թագաւորեն սէրն ու եղբայրութիւնը, արդարութիւնն ու ճշմարտութիւնը, եւ արդարների ճանապարհները որպէս լոյս ծագեն, առաջնորդեն ու լուսաւորեն, մինչեւ լուսաւորուի նոր օրը խաղաղ ու երջանիկ աշխարհի:

 

Շնորհ, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. Ամէն: