Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը «համակարծիք են այն բանի շուրջ, որ Ռուսաստանի վրա պետք է շարունակվի ճնշումը պատժամիջոցների ճանապարհով»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Եվրախորհրդարանում ունեցած ելույթը:
«Պատժամիջոցները կան: Դրանք ազդում են տնտեսության վրա: Հնարավոր է, որ քաղաքականության վրա դրանք նույնպես կսկսեն ազդել»,- ասել է նա:
ԵՄ-ի ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների վերացման հարցը կախված կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ «իրադրության կոնկրետ փոփոխություններից»:
Միևնույն ժամանակ, Մոգերինին ընդգծել է, որ պատժամիջոցների միջոցով գործադրվող ճնշումը չի դադարեցնում երկխոսությունը:
«Դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք Մոսկվայի հետ»,- նշել է նա:
Ինչպես նախկինում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի առաջիկա քայլերը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցով կքննարկվեն մարտին: