Ուկրաինայի արևելքում հակամարտության պատճառով ավելի քան 1.5 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությանը:

 

Վարչության հաշվետվության համաձայն՝ հունվարի 21-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է 921 հազար ներքին տեղահանված: Եվս մոտ 600 հազարը ապաստան են գտել հարևան երկրների տարածքում, հիմնականում՝ Ռուսաստանում:

 

«Երկրի արևելքում մարտերի վերսկսումը հանգեցրել է մարդկանց նոր տեղահանումների, քաղաքացիական բնակչության շրջանում մահերի, ենթակառուցվածքների ավերման, ինչն էլ հանգեցրել է մարդասիրական պահանջների աճի: Հունվարի 21-ի դրությամբ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարությունը արձանագրել է երկրի տարածքում 92.640 ներքին տեղահանված, ինչը 47.878-ով ավելի է, քան հաղորդվել է հունվարի 14-ի նախորդ հաշվետվությունում»,- ասվում է վարչության հերթական հաշվետվության մեջ: