Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ուղեւորվում Է Մոսկվա՝ նպատակ ունենալով համաձայնության հասնել Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող ճգնաժամի լուծման շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

«Մոսկվա ուղեւորվելու մեր նպատակը համաձայնության հասնելն Է»,-ասել Է նա:

 

Օլանդի խոսքով՝ «բոլոր կողմերը վստահ են, որ կրակի դադարեցումը միայն առաջին քայլն Է եւ պետք Է համապարփակ համաձայնություն ձեռք բերվի»: Իր հերթին Մերկելը Reuters-ին ասել Է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարելի Է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունները կարող են նաեւ չավարտվել հրադադարի համաձայնությամբ: «Բայց ցանկացած որոշում պետք Է խարսխվի Մինսկի պայմանավորվածությունների վրա»,-հավելել Է նա:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, փետրվարի 6-ին Մյունխենում բացվող միջազգային խորհրդաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսությամբ, հայտարարել Է, որ Անգելա Մերկելի եւ Ֆրանսուա Օլանդի «մոսկովյան առաքելությունը» ուկրաինական ճգնաժամի կարգավորման հույս Է ներշնչում: «Դա Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու վերջին, վճռորոշ փորձն Է»,-ասել Է գերմանացի դիվանագետը:

 

Նրա խոսքով՝ «Մերկելի եւ Օլանդի առաքելությունը արիակամ քայլ Է»: «Եթե նրանք ձեռնունայն վերադառնան, ապա իրադրությունն ավելի լավը չի դառնա»,-հավելել Է Վոլֆգանգ Իշինգերը: Նա նշել Է, որ ֆեդերալ կանցլերը, որը փետրվարի 7-ին ելույթ Է ունենալու Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում, կարող Է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները քննարկել համաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: