Դամասկոսի Թադամուն բնակելի թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով 3 խաղաղ բնակիչ են վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ, հրասանդն ընկել է Նասրին փողոցում՝ նյութական վնասներ պատճառելով մերձակայքում գտնվող խանութներին և մեքենա ներին:

 

Թադամուն թաղամասը գտնվում է «Յարմուք» փախստականների ճամբարի մերձակայքում, որտեղ գործում են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումները: Բացի այդ, 6 հրասանդ են ընկել Աբբասիին թաղամասում՝ պատճառելով միայն նյութական վնաս:

 

Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Սաասա գյուղաքաղաքում հրթիռ ընկնելու հետևանքով մայր ու երեխա են զոհվել, վիրավորվել են 4 բնակիչ:

 

Ահաբեկչական հարձակումների են ենթարկվել նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող Մաադամիա Շամ, Հարասթա և Դաք Շուք բնակավայրերը: Բարեբախտաբար, արձանագրված վնասները միայն նյութական են:

 

Հալեպի մերձակայքում գտնվող Բայանուն գյուղում փետրվարի 9-ին ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Հրթիռակոծության հետևանքով Հալեպի Ազիմիա և Ջամիա Զահրա թաղամասերում 3 բնակիչ են վիրավորվել:

 

Ավելի վաղ «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը խոստացել էր հարվածներ հասցել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Նա սպառնացել է Դամասկոսը վերածել ռազմի դաշտի և իր խմբավորման անդամներին հրամայել է պատասխանել ցանկացած հարձակման:

 

«Իսլամական բանակը» ձևավորվել է 2013թ. մի քանի ընդդիմադիր խմբավորումների միաձուլման արդյունքում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 2011թ. մարտից սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարին: