Ադրբեջանցի տնտեսագետ Օքթայ Հախվերդիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում մոտ 30 լքված գյուղ կա, որտեղ ընդհանրապես մարդ չի բնակվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա խոսքով, կան բնակավայրեր, որտեղ ընդամենը մի քանի մարդ է ապրում, իսկ բազմաթիվ լեռնային գյուղեր բարեկարգման կարիք ունեն:
Փորձագետը նշել է, որ այդչափ գյուղերի լքվելու գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանում առկա վատ տնտեսական վիճակի եւ գործազրկության հետեւանքով մեծ չափերի հասնող արտագաղթն է ինչպես քաղաքներ, այնպես էլ' արտերկիրներ, գյուղերում հիվանդանոցների, դպրոցների եւ այլ սոցիալ-կենցաղային ենթակառուցվածքների գրեթե բացակայությունը կամ ցածր մակարդակը:
Նշվում է, որ, վիճակագրության համաձայն, Ադրբեջանի բնակչության 55 տոկոսը բնակվում է քաղաքներում, 45 տոկոսը' գյուղական վայրերում, իսկ Ադրբեջանի հեռավոր գյուղերը շարունակում են դատարկվել:
«Ներկայում այնպիսի գյուղեր կան, որոնցում ընդամենը մի քանի մարդ է բնակվում: Դրա պատճառներն են կյանքի ցածր մակարդակը, գործազրկությունը, պայմանների բացակայությունը», - նշել է փորձագետը: