Ուկրաինայի ճգնաժամը Եվրոպայի գործն է, եւ ԱՄՆ-ը չի կարող կարգավորել այդ հակամարտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել է Zeit Online ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:

 

«ԱՄՆ-ը չի կարող լուծել այդ հիմնախնդիրը,- ասել է նա:- Ընդհակառակը, «բազեները», նախ եւ առաջ, հանրապետական ընդդիմության շարքերից, փորձում են բորբոքել ճգնաժամը»: Շուլցի կարծիքով՝ հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է այն ընկալել ոչ թե որպես «ռուս-ամերիկյան», այլ «համաեվրոպական թեմա»: «Դա ներեվրոպական խնդիր է»,- ընդգծել է ԵԽ-ի ղեկավարը:

 

Շուլցը նաեւ նշել է, որ, հակառակ ամեն ինչի, անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: «ԵՄ-ն, որը կունենա խաղաղ, կայուն հարեւաններ, ավելի ուժեղ կլինի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կամ Չինաստանի նկատմամբ, քան այն ԵՄ-ն, որը մշտապես զբաղված է հարեւան երկրների ճգնաժամերով»,- ասել է նա:

 

Միաժամանակ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդարանի ղեկավարը «հաջող» է համարել Եվրամիության կողմից ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցների քաղաքականությունը: