Եվրամիության ղեկավարները համաձայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պահպանել մինչեւ Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

 

Դրա հետ մեկտեղ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի մասնակիցները առանձին որոշում չեն ընդունել այն բանից հետո պատժամիջոցների երկարաձգման մասին, երբ հուլիսին կավարտվի դրանց գործողությունը:

 

Տուսկի խոսքով՝ պատժամիջոցների թուլացումը պետք է կապակցվի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական կատարման հետ: «Մենք պետք է պահպանենք մեր պատժամիջոցների գործողությունը, քանի դեռ ամբողջ ծավալով չի կատարվել Մինսկի համաձայնագիրը»,- հավելել է նա:

 

Եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրախորհուրդը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ»: