Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները աշխարհի մասշտաբով բավականին մեծ արձագանք գտան: Բանակցությունների ողջ ընթացքում ամենաջղաձիգ կեցվածքը ցուցաբերել է Իսրայելը: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Ես ողջ ընթացքում հետևել եմ իսրայելական ԶԼՄ-ների անդրադարձին, նաև' պաշտոնյաների արձագանքին: Իսրայելի արձագանքն այս դեպքում կարևոր է այնքանով, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները, կարծես թե, այս գործընթացքում ունենալով միևնույն նպատակը, գործում են տարբեր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց արաբագետը:

 

Արմեն Պետրոսյանը կատակեց, որ Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ողջ ընթացքում Իսրայելում անգամ թռչունների դայլայլը ուղղված էր լոզանյան բանակցություններին: «Բոլոր պաշտոնյաները, բոլոր ԶԼՄ-ները, վարչապետ Նեթանյահուն խոսում էին այդ բանակցությունների մասին: Ապրիլի 3-ին էլ տեղի ունեցավ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը: Բացառիկ դեպքերում է նման նիստ տեղի ունենում, մասնավորապես երբ երկրի անվտանգությանը վտանգ է սպառնում: Իսրայելի դիրքորոշումն այս հարցում այն է, որ վատ պայմանագրի այլընտրանքը ամենևին պատերազմը չէ, այլ կարելի է ճնշումների միջոցով Իրանից ավելին կորզել: ԱՄՆ-ի և Իսրայելի ընդհանուր նպատակը ԱՄՆ-ի միջուկային ծրագրի տապալումն է, սակայն Միացյալ Նահանգները դիվանագիտական ճանապարհով է փորձում հարցը կարգավորել, ապա Իսրայելը, բոլոր ճանապարհներով ճնշում գործադրելով, հասնել նրան, որ Իրանն ավելի շատ զիջումների գնա»,- նշեց արաբագետը:

 

Լոզանում 8 օր տևած բանակցությունների արդյունքում Իրանի և «վեցյակի» երկրների (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա) միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Ակնկալվում է, որ վերջնական համաձայնագիօրը կողմերը կստորագրեն հունիսին: