Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արդարության եւ պանջատիրության շեշտադրությամբ վիրահայ համայնքը կանցկացնի ոգեկոչման արարողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվի միայն ապրիլ ամսով, այլ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում:
Ապրիլի 23-ին' երեկոյան ժամը 17:30-19:15-ը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող Սրբադասման արարողության ուղիղ հեռարձակում, և նույն օրը, ժամը 19:15-ին Վիրահայոց թեմի եկեղեցիների և քույր եկեղեցիների զանգերը կհնչեն 100 անգամ:
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Վրաստանի բոլոր հայ ընտանիքների լուսամուտներին մոմեր կվառվեն՝ ի նշան համերաշխության և ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների: Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կկատարվի Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի պատարագ, նույն օրը ժամը 14:00-ին կանցկացվի բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ: