Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի օրինագիծը մտցրել Է խորհրդարան, երկրորդ ընթերցումը նշանակված Է հունիսի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Տվյալ օրինագծի երկրորդ ընթերցումը, ինչպես սպասվում Է, կկայանա 2015 թվականի հունիսի 9-ին: Կառավարական այդ օրինագիծը խորհրդարան Է մտցվել 2015 թվականի մայիսի 28-ին: Դա ընկալվում Է որպես առաջին ընթերցում, այդ փուլում օրինագծի շուրջ բանավեճեր չեն անցկացվում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է խորհրդարանի կայքում:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են գլխավոր հարցի ձևակերպումը, որը ներկայացվելու է Եվրամիության կազմում երկրի գտնվելու նպատակահարմարության շուրջ հանրաքվեին: Հարցը հնչելու է հետևյալ կերպ. «Միացյալ Թագավորությունը պետք է արդյոք մնա Եվրամիության անդամ»:

 

 

Նման ձևակերպումը Եվրամիությանն անդամակցության կողմնակիցներին թույլ կտա քարոզարշավն անցկացնել առավել դրական ոգով, քան դրա հակառակորդներին: Առաջինները կտան հաստատական պատասխան, իսկ երկրորդները՝ ժխտական:

 

 

Միացյալ Թագավորության վարչապետը և Պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնը խոստացել է իր ընտրողներին՝ վերանայել ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանները և հանրաքվե անցկացնել մինչև 2017 թվականի վերջը:

 

 

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, մայիսի 27-ին խորհրդարանում հանդես գալով գահական ճառով և ներկայացնելով առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, հավաստել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017 թվականի վերջը: «Իմ կառվարությունը բանակցություններ կվարի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների վերանայման շուրջ և կձգտի հասնել ԵՄ-ի բարենորոգման՝ ի շահ նրա բոլոր անդամների»,-հավելել Է միապետը:

 

 

Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ձգտելու Է ԵՄ-ի կառուցվածքում հասնել զգալի փոփոխությունների, որոնք կընդլայնեն սեփական խորհրդարանի լիազորությունները: «Մենք ձգտելու ենք ԵՄ-ի վերակազմավորման հասնել բանակցային գործընթացի շրջանակներում (հանրակցության մեջ Մեծ Բրիտանիայի դերի փոփոխման առումով)»,-հայտնել Է Համոնդը:

 

 

«Եթե չհաջողվի լուրջ արդյունքների հասնել, մենք չենք բացառում իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակ»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: