Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների և ՀՅԴ ներկայացուցիչների հետ:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդիպման մասին մանրամասներ հաղորդեց:

 

 

Պատգամավորի խոսքով` ՕԵԿ-ը մասնագիտական հանձնաժողովին առաջարկների փաթեթ է ներկայացրել եւ երեկվա հանդիպման ընթացքում քննարկումը ծավալվել է այդ առաջարկների շրջանակում:

 

 

«Քննարկման ընթացքում մեր առաջարկների վերաբերյալ առանձնապես դեմ կարծիքներ չեն եղել, առաջարկներն ուսումնասիրվում են, իսկ քննարկումը՝ շարունակվում»- ասաց Հեղինե Բիշարյանը:

 

 

Պատգամավորը նշեց նաև, որ առաջարկները չընդունվելու դեպքում ՕԵԿ-ը կողմ չի լինի փոփոխություններին:

 

 

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը 5 առաջակ է ներկայացրել սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ: Ներկայացված հինգ հիմնարար առաջարկությունները կուսակցության համար սկզբունքային են եւ դրանց ընդունման դեպքում «Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումներին: