Ադրբեջանը, մի կողմից խոչընդոտում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում Եվրամիության նախաձեռնությունները, մյուս կողմից՝ կոչ անում ԵՄ-ին դառնալ Մինսկի խմբի համանախագահող կողմ: Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ 89-րդ սեմիաների ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցադրումն ու դրան տրված ԵՄ ներկայացուցչի պատասխանը մերկացնում է Ադրբեջանի հերթական երկերեսանիությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը, մասնավորապես, նշեց. «Երբ Ադրբեջանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին թույլ չի տալիս գնալ Արցախ, չի վստահում ԵՄ հատուկ ներկայացուցչին, ինչպես կարող է կոչ անել ԵՄ-ին Մինսկի խմբի ձևաչափում ներգրավվել: Սա էլ այն ուղերձն է, որ նույն ԵՄ ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Ադրեբեջանն իր գործողություններով խոչընդոտում ու չի վստահում Եվրոպական միության դերակատարությանը»:

 

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ Թևան Պողոսյանի հարցադրմանն ի պատասխան ասաց. «Ներկայացուցիչն ասել է, որ ցանկանում է գնալ Լեռնային Ղարաբաղ, բայց, ինչպես տեղյակ եք, սա այնպիսի որոշում չէ, որ նա կարողանա միայնակ կայացնել: Եթե նա ցանկանում է պահպանել իր դերը որպես ներկայացուցիչ, պետք է ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսություն անցկացնի, պետք է լուծում գտնի, որն ընդունելի կլինի ներառված բոլոր կողմերի համար: Այլապես ստիպված կլինի իր գործը թողնել ու այլ աշխատանք փնտրել: Դա այնպիսի բան է, որ ներկայացուցիչն ինքը չի վերահսկում: Բայց պետք է նշեմ, որ բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում, դեռ չի կարող այցելել Ղարաբաղ, բայց դա չի նշանակում, որ կապի մեջ չէ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ հանդիպելու համար պարտադիր չէ գնալ Ղարաբաղի տարածք, կարելի է հանդիպել այլ աշխարհագրական վայրերում»:

 

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ' հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը:

 

Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրև ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:

 

Եռօրյա սեմինարի ժամանակ անդրադարձ կկատարվի Մերձավոր Արևելքում և դրանից այն կողմ ԻԼԻՊ-ի գործունեությանը, հայկական սփյուռքի վրա դրա ունեցած ազդեցությանը, նաև Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության խնդիրներին, տարածաշրջանում քաղաքական զարգացումներին եւ քաղաքացիական հասարակության, փակ սահմանների, տնտեսական զարգացման, կայունության և խաղաղության մարտահրավերներին: