Այս կիրակի՝ հունիսի 21-ին, վեցերորդ տարին անընդմեջ Orange-ը բոլոր երաժշտասերներին հրավիրում է միասին տոնել Երաժշտության համաշխարհային օրը՝ մասնակից դառնալով Երևանի տարբեր անկյուններում կազմակերպվող երաժշտական միջոցառումներին:
Հունիսի 21-ին՝ տարվա ամենաերկար օրը, աշխարհի ավելի քան 700 քաղաքներում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները նշում են Երաժշտության տոնը' անվճար համերգներ տալով քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում: Երևանը նույնպես այս քաղաքների շարքում է և այդ օրը հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի համար, ինչպես նաև երաժշտական ասպարեզում իրենց գործունեությունը նոր սկսող երիտասարդների համար կվերածվի համերգային հարթակի:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Օրանժ Արմենիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ Մշակույթի նախարարությունն իրենց ուժերը համատեղել են՝ տոնական այս օրը նշելու համար:
Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ին Orange-ը կազմակերխում է մեծ համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան արդեն շատ սիրված The Beautified Project, The Windrose, EmpYraY և Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակի Orange-ի բեմում ժամը 21:00-ից կհնչի ռոք երաժշտություն՝ Որդան Կարմիր, Նաիրի, HIGH և ATMOS խմբերի կենդանի կատարմամբ:
Ֆրանսիայի Դեսպանության նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 19:00-ից 21:00-ը ֆրանսիական երգի սիրահարների համար «Top 15 pour 2015» համերգի շրջանակներում սիրողական երաժիշտներ ու խմբեր կկատարեն ժամանակակից ֆրանսիական երգեր:
ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, 19:00-ին Հաղթանակի զբոսայգում ամենափոքրիկ երևանցիների համար տեղի կունենա մանկական համերգ՝ «Արևներ» մանկական անսամբլի մասնակցությամբ և ջազ-էստրադային համերգ՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի» սաների և անհատ կատարողների մասնակցությամբ: Դասական և էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար՝ ժամը 19:30-ին Կոնսերվատորիայի պուրակում ելույթ կունենան «Օլդ Բենդ» ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը և «Արտ վոկալ անսամբլ»-ը:
Հիշեցնենք, որ Երաժշտության տոնը ստեղծվել է 1982թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Տոնի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ֆրանսիացիների մշակութային սովորույթներն ուսումնասիրող մի հարցման արդյունքում բացահայտվել է, որ հինգ միլիոն մարդ՝ այսինքն երկու երիտասարդներից մեկը, երաժշտական որևէ գործիք է նվագում : Այս վերլուծությունն այդ ժամանակվա Մշակույթի նախարարին դրդել է ուղիներ փնտրել՝ այդ մարդկանց փողոցում ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռելու:
Հայաստանում Երաժշտության տոնը նշում են վերջին տասը տարիների ընթացքում՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ Երևանում և մարզերում: