Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.




23.01

 

Ժամը 23:00-ին ոստիկանությունը պահանջում է անջատել երաժշտությունը:

 

 


22.35

 

«Քայլ առաջ»-ը թույլ չենք տա, երկուշաբթի «առանձնահատուկ» կմոտենանք. Վալերի Օսիպյանը՝ ցուցարարների նոր քայլերի մասին:

 

 


21.21

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ելույթով հանդես եկավ Դավիթ Սանասարյանը:

 

 

Վերջինս հայտարարեց, որ իրենք պարտավոր են քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում. «կմնանք քչերով, և դա է իշխանությունների ցանկությունը»:

 

 

Սանասարյանը դիմեց բոլոր նրանց ովքեր ուզում են Հայաստանը դուրս բերել այս վիճակից, ցրել գաղջը, իրավիճակ փոխել երկրում.

 

 

«Մենք մարտի դուրս չենք եկել, մենք շարունակում ենք մեր խաղաղ, բայց ոչ անկոտրում պայքարը: Սկսում ենք պայքարի վճռական փուլը:

 

 

Դիմում եմ իշխանություններին, Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու: Իշխանություններին մինչև երկուշաբթի 21.00-ն տալիս ենք ժամանակ, եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի սկսում ենք «մեկ քայլ առաջ» բողոքի վճռական ակցիան:

 

 

 

Երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր բարիկադները, որոնք վաղուց աղբամաններ չեն` զինվոր բարիկադներ են, ամեն նոր օրվա 21.00-ին, մեկ քայլ`աղբամանի չափով, առաջ ենք տանում դեպի Բաղրամյան 26»:

 

 


20.20

Օրերս հայտարարվեց այն մասին, որ Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների, համերգ կունենա երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

 

 

Հախվերդյանի համերգը, սակայն, հետաձգվեց՝ երգչի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նախատեսված էր, որ այն կկայանա այսօր՝ ժամը 20.00-ին:

 

 

Այսօր ևս` շեշտելով առողջական վիճակի վատթարացումը` Հախվերդյանի համերգը չեղյալ հայտարարվեց:

 

Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Հախվերդյանը չի ցանկացել թեժացնել քաղաքական իրավիճակը, և դա է իրական պատճառը, որ հրաժարվել է Բաղրամյան պողոտայում երգելուց:

 

 

20.00

Երգ-երաժշտություն Բաղրամյան պողոտայում: Նստացույցը շարունակվում է բարձր տրամադրությամբ:

 

 

19.30

 

Եթե իմ համեստ խորհրդի կարիքը լինի, ես միշտ պատրաստ եմ: Բաղրամյան պողոտայում հայտարարեց Սոս Գիմիշյանը և հավելեց. «Երկարաժամկետ պայքար հնարավոր չէ»:

 

 

 

17.00

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Այսօր 21:00-ին բոլորիդ հրավիրում ենք Բաղրամյան պողոտա

 

 

Ովքեր հեգնում էին ու ասում, որ քայլեր չունեք, համեցեք, ովքեր չէին հեգնում, բայց քայլեր էին ուզում, կրկին սպասում ենք բոլորիդ...

 

 

Այս պահին շատ մեծ ճնշման են փորձում ենթարկել ընկերներիս և ինձ, բայց մենք ի սկզբանե գիտակցել ենք, որ մենք ճնշում ստեղծող ենք և ոչ թե ճնշվող...

 

 

Տարածեք, ու դուրս եկեք ֆեյսբուքներից, մեզ Բաղրամյանի բարիկադներն են կանչում...

 

 

Հ.Գ. Խաղաղ ցույց անելը ենթադրում է կողք կողքի պինդ կանգնել, չվախենալ ու քայլել հաղթանակին ընդառաջ...Մենք սադրանքների չենք ենթարկվելու, մենք հաղթելու ենք...»:

 

 

 

16.00

Երգահան Եղիշե Պետրոսյանը Բաղրամյան պողոտայում է: Նա նշում է, որ երիտասարդներին, ովքեր թողել են Բաղրամյանը, պետք չէ մեղադրել, ցանկացած պահի հավաքված մարդկանց թիվը կարող է հազարապատկվել, որովհետև բողոք կա: Երգահանը նշում է, որ Ազգային ժողովում էլ, որտեղ 131 մարդ կա, 120-ը, հավանաբար, անպիտան է:



13.00

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանությունը որոշ տվյալներ ունի հանրահավաքի մասին: Ըստ նրա՝ ժամը 02.00-ին, նստացույցի կազմակերպիչները որոշել են սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել:

 

Աշոտ Ահարոնյանն ասաց նաև, որ ոստիկանությունը ուժ կկիրառի միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեջ լինի ագրեսիվ խումբ:


12.40

Ակցիան համակարգող Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ժամը 21.00-ին լինելու են ելույթներ և ժողովրդի հավանությունը ստանալու դեպքում գնալու են վճռական քայլերի: Նշեց նաև, որ ասելիքն իր բնույթով տարբերվելու է նախորդ օրերի հայտարարություններից, սակայն, թե ովքեր են խոսելու չնշեց:

 

Սանասարյանը ասաց նաև, որ մինչ այդ նա այլ հարցերի չի պատասխանի, եթե արտառոց դեպքեր չլինեն:

 


11.55

 

Վալերի Օսիպյանը խնդրեց ակտիվիստներին գոնե աղբամանները վերադարձնել, քանի որ հակասանիտարական վիճակ է ստեղծվում:

 


11.30

 

Վալերի Օսիպյանը կրկին մոտեցել է ցուցարարներին, նա փորձում է բանակցության միջոցով համոզել մասնակիցներին վերադառնալ Ազատության հրապարակ և բացել ճանապարհը: Նա հորդորում է կազմել մասնակիցներից մասնագիտական խումբ և ակտիվ մասնակցություն ունենալ աուդիտի գործընթացին:


09.25

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը մոտեցավ ցուցարաներին: Նա հորդորեց ապամոնտաժել աղբամանները և հեռանալ պողոտայից: Ձեր այստեղ մնալով ոչինչ չի փոխվի: Դուք կոպտորեն խախտում եք հասարակական կարգը և բավականին տևական ժամանակ է, ինչ սահմանափակում եք քաղաքացիների ազատ տեղաշարժը»- ասաց փոխոստիկանապետը:

 

Ցուցարաներից մեկը դիմելով Վալերի Օսիպյանին ասաց. «Մենք կփակենք ճանապարհը մինչև ամբողջովին չբավարարվի մեր պահանջները»:


07.55

Լուսաբացը Բաղրամյան պողոտայում. ցուցարարները արթնանում են, սկսվել է տարածքի մաքրությունը:


06.50

«Սանիտեկ»-ի աշխատակիցները՝ «միացել» են Բաղրամյան պողոտայի ցուցարարներին: