Իրաքում հուլիսի 12-ին ականապատ մեքենաների պայթյուններից և մահապարտ-ահաբեկիչների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 35 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում, և սա համարվում է վերջին շրջանում Բաղդադում իրականացված հարձակումներից ամենաարյունալին:

 

Իրաքի անվտանգության ու առողջապահական աղբյուրների տեղեկացմամբ' Շաաբ աշ Շիմալի թաղամասում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 19 մարդ է զոհվել: Զոհերի թիվն ավելացել է այնտեղ երկրորդ պայթյունի որոտալու հետևանքով:

 

Ալ Բունուք թաղամասում, որը գտնվում է Բաղդադի հյուսիս-արևելքում, ականապատ մեքեանայի պայթյունից 9 մարդ է զոհվել:

 

Երեք պայթյուններից ավելի քան 100 մարդ է վիրավորվել: Պայթյուններն իրականացվել են, մասնավորապես, շիաներով բնակեցված թաղամասերում:

 

Իրաքում իրավիճակը հատկապես սրվել է 2014թ.-ի հունիսից «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: