«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի' միասնական թեկնածուով հանդես գալու կոչին: Նախագահի թեկնածուն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հետեւյալը:

«Սիրելի Պարույր, այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը' ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում եւ կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո' ՍԴ դիմելը ուշ է: Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել; Հիմա' ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել եւ դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է եւ խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի եւ ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք եւ պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո' ՍԴ դիմելու խնդրի հետ»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին' կոչ անելով հանդես գալ միասնական թեկնածուով: Նա նշել է, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել' ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում: