Ոստիկանները խափանել են Մոսկվայի էթնիկական քրեական խմբավորումների պարագլուխների հավաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ռուսաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին ՌԴ-ի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հավաքվել էին հանցախմբերի պարագլուխներ՝ քննարկելու քաղաքում ազդեցության ոլորտների բաժանումը և դրամական միջոցների վերաբաշխումը:
Ոստիկանները խափանել են հավաքը և ձերբակալել 40-ից ավելի մարդու, որոնք համարվում են հանցախմբերի ակտիվ մասնակիցներ: Ձերբակալվածների թվում են՝ 3 «օրենքով գողեր»՝ Վիտալի Իզգիլովը, որը հայտնի է Վիտալիկ Մախաչկալացի մականվամբ, Ռոման Լոմտաձեն՝ Մուսուսա մականվամբ, և Շալվա Խուչուան՝ Ռոկո մականվամբ: