Այս պահին հայտնի է, որ Արարատի մարզում «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակումը կազմակերպել է Ներքին Դվինի գյուղապետի տեղակալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ հարձակումը տեղի է ունեցել Հրանտ Բագրատյանի Ներքին Դվինում գտնվող շտաբի վրա, պոկել են թեկնածուի նկարները, նախընտրական պաստառները. «Շտաբի անդամները միջամտել են, այդ մասին տեղեկացրել են ոստիկաններին, ոստիկանապետը հրահանգել այդ ամեն ինչը վերականգնել: Այս պահին հայտնի է, որ այդ ամենը կազմակերպել է գյուղապետի տեղակալը»,- ասաց մամուլի քարտուղարտ:

Ի դեպ, սա երկրորդ հարձակումն է նախագահի թեկնածուի շտաբի վրա: Օրեր առաջ էլ հարձակում էր եղել Բագրատյանի մեկ այլ' Մուրացանի 184 հասցեում գտնվող Էրեբունի վարչական շրջանի շտաբի վրա: Այդ պահին շտաբի աշխատակիցներից մարդ չի եղել եւ ոչ ոք չի վնասվել, հարձակվողները պոկել եւ տարել էին պաստառները, տեխնիկային ձեռք չեն տվել: Շտաբի աշխատակիցները առավոտյան էին հայտնաբերել, թե ինչ է տեղի ունեցել եւ դիմել էին ոստիկանություն: