Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը փետրվարի 7-ին դարձյալ բազմամարդ էր. տաճարի կամարների ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տվել Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները:

 

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է: Նման նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

 

Ինչպես իր խոսքում նշել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը, պատահական չէ, որ զինակոչիկների երդման համար ընտրվել է հենց VII դարի Զվարթնոց տաճարը. «Զվարթնոցը թռիչք է դեպի լույս, դեպի բարձունք, դեպի կյանք: Նայելով այս չքնաղ տաճարին, դուք ոչ միայն ճաշակ ու ոգի եք ստանում, այլև հիշում եք ձեր խորը արմատներն ու ինքնությունը: Քանի որ դուք ձեր կյանքի ամենաանմոռաց իրադարձություններից մեկն ապրում եք Զվարթնոցում, ցանկանում ենք, որ ավելի ա րժևորեք մեր մշակութային գանձերը և հպարտությամբ լցվեք մեր ամեն մի կոթողի, ամեն մի թիզ հողի հանդեպ, որը պաշտպանում եք»:

 

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու զինակոչիկների երդմանը հաջորդել է խորհրդանշական արարողություն. Էջմիածնի N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը առանձնահատուկ շնորհավորել է միակողմիանի ծնողազուրկ զինակոչկների ընտանիքի անդամներին, մաղթել տոկունություն: Զինվորիներից յուրաքանչյուրը ծաղիկներ է նվիրել երդմանը ներկա ծնողին կամ հարազատին:

 

Երդման հանդիսավոր արարողությանը հաջորդել են ողջույնի ելույթներն ու պարգևատրումները: Էջմիածնի N զորամասի հրամանատարը, շնորհավորել է իրենց զավակների երդման արարողությանը ներկա զինակոչիկների ծնողներին, հարազատներին և դիմել ժամկետային զինծառայողներին. «Այսօր հիմք են դրվում հայրենիքին հավատարիմ լինելու նախադրյալները, երդում տալով, դուք դարձաք պատասխանատու մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար և իրավամբ համարվում եք ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը: Դուք դառնում եք պետության գաղափարախոսության կրողները, մտ նում եք հզոր բանակի հզոր ընտանիք, դառնում նրա լիարժեք անդամը՝ հստակ պարտականությունների կատարման գիտակցությամբ»:

 

Նորակոչիկներին ու նրանց հարազատներին ողջունել է նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի' մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը. «Ողջունում եմ հայոց հաղթական բանակի 24 ամյակի և այսօրվա այս խորհրդանշական երդման արարողության առթիվ: Այսօր հիշարժան օր է ոչ միայն նորակոչիկների, այլև Հայաստանի տարբեր անկյուններից եկած նրանց ծնողների ու հարազատների համար, ձեր կյանքում այս հիշարժան իրադարձությունն ավելի խորհրդանշական է դարձնում Զվարթնոց տաճարը: Ձեզնից յուրաքանչյուրի՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելու երդումը հնչում է ինչպես նախնիների ոգեղեն կանչ»: Սեյրան Առաքելյանն ընդգծել է, որ միջոցառումը բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում իրականացված ժամկետային զինծառայողների արդեն երրորդ երդման արարողությունն է, որն իրականացվում է պատմամշակութային վայրում: Եռահամաձայնագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարի հրմանով, պատմամշակութային հուշարձանի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված գործուն մասնակցության, պատմամշակութային ժառանգության դաստիարակչական գործին նպաստելու համար պարգևատրվել է Էջմիածնի սակրավորների զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ղազարյանը:

 

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մարշալ Բաղրամյան և Վազգեն Սարգսյան մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով են պարգևատրվել Էջմիածնի N զորամասի լավագունը ճանաչված ժամկետային զինծառայողները, սպաներն ու ենթասպաները:

 

Զինակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է ժամկետային զինծառայողների՝ մարտական պատրաստության մասին վկայող ցուցադրական ելույթով: