Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:
Վաղը ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը' Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:
Հիշեցնենք, որ այսօր ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: