Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ 32-ամյա որդին՝ Արթուր Սարոյանը: Վերջինս վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարոյանի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն. «Արթուրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը մենք գնահատում ենք ծանր, բայց կայուն։ Հիվանդը, եթե գտնվում է վերակենդանացման բաժանմունքնում, ապա նշանակում է՝ տվյալ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չեզոքացնենք վտանգը»։
Միքայել Մանուկյանը նշեց, որ Արթուրի մոտ որովայնի աղիների և աջ կոնքազդրային ոտքի վնասվածք է առկա, այսինքն՝ ծանր վնասվածքներ ունի։ «Դրանք ծանր վնասվածքներ են համարվում»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։
Վերջինս դժվարացավ ասել՝ երբ դրական տեղաշարժ կգրանցվի հիվանդի մոտ. «Դա չենք կարող ասել, ժամանակ է պետք։ Մենք պայքարում ենք և մեծ հույսեր ունենք, որ Արթուրը շուտ կլավանա»։