Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից 168.am-ը փորձեց ճշտել, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտություն կրեց:

- Ճիշտն ասած, այդ հարցը հիմա ինձ չէ, որ պետք է ուղղեք, այդ հարցն այլ հասցեատեր ունի, այդ հարցը ճիշտ կլինի համապատասխան մարդուն ուղղեք (նկատի ունի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին.- Ա.Բ.):

- Չնայած քաղաքապետ չեք, բայց շարունակում եք մնալ ՀՀԿ անդամ, Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք համարում այդ պարտության համար:

- Այն տեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը հաղթել է և այն էլ՝ մեծ տարբերությամբ, մենք ենք աշխատել, հավանաբար՝ նաև մեր աշխատանքի արդյունքում է հաղթել: Այնպես որ, իմ պատասխանատվությունը չկա:

- Ինչո՞ւ գյումրեցիները չքվեարկեցին Սերժ Սարգսյանի օգտին:

- Ես չգիտեմ, այդ հարցի պատասխանը դուք ինձանից լավ գիտեք:

- Չե՞ք փորձել մտովի վերլուծել և հասկանալ պարտության պատճառները:

- Իմ համար վերլուծել եմ, և գիտեմ:

- Իսկ ինչո՞ւ չեք ուզում Ձեր վերլուծության արդյունքներով կիսվել մեզ հետ:

- Որովհետև լրատվության հետ կիսվելը խայտառակություն է: