Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո հուլիսի 2-ին կազմակերպել էին Վարդավառի տոնախմբություն: Մասնակցում էին «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս» ազգագրական երգի-պարի խմբերը:

 

Մասնակիցներն ազգային երգուպարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց քայլել են դեպի Մանկական զբոսայգի: Թափորն առաջնորդել է թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տոնախմբությանը միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, վարչական շրջանների երգի-պարի խմբերը, բազմաթիվ երևանցիներ ու տուրիստներ: Մասնակից ների ուշադրությունը գրավում էին ավանակն ու նրան բազմած «տատիկը»:

 

Այգում տոնը լրացվել է ազգային երգուպարով: Ներկայացվել են տոնի ժողովրդական սովորույթները. կրակի մեջ խնձոր են խորովել և բաժանել ներկաներին, ցորենի հասկերից խաչբուռ են պատրաստել, բեմադրել խնդումի և պուռմատիկինի ծիսական դրվագները: Բեմականացվել էր Նոյ նահապետի ու նրա ընտանիքի իջնելը Մասիսից: Միջոցառումն ավարտվել է ջրախաղով և աղավնիներ երկինք բաց թողնելով:

 

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին' ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելով դրանց: Բարեկենդանի, Միջինքի, Ս. Հարության, Համբարձման տոների շարքում Վարդավառն արդեն երկրորդ տարին իր ուրույն տեղն է զբաղեցնում: