Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին տեղեկացրին Կառավարությունից:

 

Ողջունելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի մասնակիցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, մասնավորապես, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Մաքսիմ Սոկոլովին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սելաֆների հետևանքով Վերին Լարսի անցակետի շրջանում արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության և նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար: Իր խոսքում վարչապետը գոհունակությամբ նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաև նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում են ստացել բազմաթիվ հարցեր և ավելացրել, որ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպել է ընթացիկ տարվա սկզբին Երևանում և դիտարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, քննարկել ենթակառուցվածքային նախագծերի և ծրագրերի հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:

 


Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով՝ վարչապետը կարևորել է տարածաշրջանների միջև ուղիղ կապերի հաստատումը և այդ համատեքստում ընդգծել է հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը և Երևանում հաջողությամբ անցկացված 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, առանձնացրել նաև հումանիտար՝ կրթական և մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերություններում: Վերջում Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում քննարկվող հարցերը, որոնք ընդգրկում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը հարցերի ողջ շրջանակը, կնպաստեն երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև կսահմանվեն դաշնակցային փոխգործակցության գործնական բովանդակության նոր ուղղությունները:
Իր հերթին, Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այսօրվա նիստը, ինչպես նաև պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, գտնելու օպերատիվ լուծումներ տարբեր հարցերի շուրջ: ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաջողությամբ զարգանում է առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնալով ավելանում է առևտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաև երկու երկրների՝ միևույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը: Նրա խոսքով՝Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Հաջողությամբ իրականացվում են նաև Ռուսատանի և Հայաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ քննարկվող հարցերը կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերի էլ ավելի ամրապնդմանը:

 


Նիստում նախ ներկայացվել և ի գիտություն է ընդունվել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին:

 


Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները: