armnoc.am  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը աթլետ Դիանա Խուբեսերյանն է (200 մետր վազք): Նա ծնվել է Երևանում 1994 թվականին: Աթլետիկայով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Դիանան Հայաստանի առաջնության ռեկորդակիր է և մասնակցել է Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին:

Խուբեսերյանը երկրորդ մասնագիտություն ունի՝ մարզական լրագրող է: Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Դիանան Օլիմպիական խաղերին մասնակցելը նախ և առաջ մեծ պատիվ է համարում:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Միանշանակ: Իմ հաջողության քարերից՝ ռոդոնետե և լուսնի քարից պատրաստված վզնոց, որը նվիրել է հայրիկիս ընկերը:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Կողքիս չէի ցանկանա ոչ ոքի տեսնել: Հանդիսատեսի շարքում՝ մեր օլիմպիական թիմը, որպեսզի ոգևորեն:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ուժ, համբերություն և շատ բան ապացուցելու հնարավորություն:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Մարզիչիս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Մեր մարզիկների մեդալներով: