Արդյոք ովքե՞ր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց, օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել պատգամավորների գործունեությունը՝ ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է: 

 

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 22-ին Երևանում:

 

1981-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ է:

 

1980-1981 թթ. Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է որպես տնտեսագետ:

 

1983-1986 թթ. եղել է Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորման ավագ տնտեսագետ:

 

1987-2000 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

1992-1995 թթ. աշխատել է Մոսկվայում:

 

1997-1999 թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ և «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, 1999-2001 թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

 

2007-2012 թթ. զբաղվել է քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

1989 թ. անդամակցել է Անկախության բանակին:

 

1990-1994 թթ. եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 1991-1992 թթ.՝ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

 

2002թ. հիմնադրել և գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը:

 

2000-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք):

 

2003-2007 թթ.՝  ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ):
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

 

Տնտեսագետ պատգամավոր, որ ԱԺ-ում աչքի է ընկնում հիմնականում զուսպ կեցվածքով՝ կռիվներ, վեճեր ու թթու խոսակցություններ նրա անձի շուրջ չեն ծավալվում: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա ՀՀ ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկն է: Այդ մասին են վկայում նաև պաշտոնական տվյալները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրի համաձայն, պատգամավորի ունեցվածքը 2013 թ. հարկային տարվա սկզբին կազմել է 414,5 միլիոն դրամ, որը, տարեվերջին նվազելով, դարձել է 60,6 միլիոն դրամ: Արսենյանի՝ արտարժույթով հայտարարագրված ունեցվածքը կազմել է 2,7 միլիոն դոլար և 21,4 հազար եվրո:
2013 թվականի հարկային տարում Գուրգեն Արսենյանը 448 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:
2012 թ.-ի մարտի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը հեկտարներով հողատարածքներ ունի Արմավիրի մարզում, գույք, բաժնետոմսեր և այլ ներդրումներ՝ տարբեր ընկերություններում:
Հայտարարագրված է 6 շենք-շինություն՝ ընդհանուրը 2088.39 քմ մակերեսով, որոնք գտնվում են Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում:

 

Նաև հայտարարագրված է 3 ավտոմեքենա, այդ թվում՝ «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Gharego» և «Տոյոտա Պրադո» : Ունի նաև մեկ ինքնաթիռ:

 

Պատգամավորը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%՝ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» և «Աննալուս» ընկերություններում, 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան):

 

Նա 2012 թ-ին 51 միլիոն 300 հազար դրամով ձեռք էր բերել «Բրեգետ» ժամացույց, 28 հազար 500 դոլարով՝ բժշկական սարքավորումներ:

 

Հարուստ պատգամավորը գարնանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում էր՝ սակայն կրկին ոչ քաղաքական հրաշք քայլերի շնորհիվ: Սակայն, հանուն արդարության նշենք, որ խոսքն այս դեպքում գովելի արարքի մասին է:

 

Մարտին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես վաղ առավոտյան կիսադատարկ փողոցում մի քանի տղաներ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի:Սա տեսնելով՝ անտարբեր չի լինում պատգամավորը, ում մեքենան անցնում էր Մաշտոցի պողոտայով: Արսենյանի շնորհիվ երիտասարդի կյանքը փրկվեց:

 

Հուսանք, որ եթե 2017-ին Արսենյանը լինի ԱԺ-ում, նրա քաջագործությունները միտված կլինեն նաև ազգիս խնդիրները հարթելուն:

 

Անի Սահակյան