Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։

Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց մեջ են նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն են կատարում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում է նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան, թե ոչ։ Տեղում աշխատում է նաև ոստիկանության փորձաքրեագետը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը հայտնեց, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոցներում, արդյոք, կա՞ն կանչով դիմած քաղաքացիներ։ 

Մանրամասն՝ Shamshyan.com կայքում