Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում է BBC-ն:
Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,-նշել է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:
«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել Է Ռոուհանին:
Իրանի նախագահն ավելի վաղ էլ ասել է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը:
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը: