Բելառուսի Գերագույն դատարանը կես ժամից պակաս է քննել Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վճռի գանգատարկումը: Այդ մասին հայտնել է «Sputnik Բելառուս» գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբան Նատալյա Շյոկինային: Նրա խոսքով՝ դատավճիռը կհրապարակվի առաջիկա ժամերին: Փետրվարի 7-ին Լապշինը ներկա չի եղել դատարանի դահլիճում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել են նրան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հանրապետության Գլխավոր դատախազության որոշումը:
Լապշինը Մինսկում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի պահանջով հայտնվել է փնտրվող անձանց միջազգային բազայում: Բաքուն նրան մեղադրում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ:

Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին հրաժարվել է բավարարել Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման գանգատարկումը: Նրան ադրբեջանական կողմին հանձնելու գլխավոր դատախազի տեղակալի որոշումը ճանաչվել է օրինական:

«Բելառուսը հիմքեր չունի բլոգեր Լապշինին չհանձնելու Ադրբեջանին»,-փետրվարի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ այդ հարցը կլուծվի «օրենքի եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա»:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելն անթույլատրելի է: