Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է BBC-ն, տուժածներից երկուսն ավելի ուշ մահացել են, իսկ վիրավորներից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը շարունակում է տուժածների թվի հստակեցման ուղղությամբ աշխատանքները:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:

Խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկ Համայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքել դահլիճը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:

Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին: