Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական արշավը: Այսօրվանից նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»: Քարոզչական աֆիշաների վրա, որոնք այսուհետեւ ամեն օր տեսնելու են ֆրանսիացի ընտրողները, կհայտնվեն նախագահական նստավայրի՝ Ելիսեյան պալատի համար պայքարի բոլոր 11 մասնակիցները:

Յուրաքանչյուր թեկնածու ունի հեռուստատեսային եւ ռադիոեթերի երաշխավորված հավասար ժամանակ: Իրենց ծրագրերի շարադրման հարցում հավակնորդների իրավահավասարությունը վերահսկում է Ֆրանսիայի բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը:

Ներկայիս ընտրարշավի նախորդ փուլերում հեռուստատեսային բանավեճերն ու վարկանիշները այդպես էլ հավաստի պատասխան չտվեցին այն հարցին, թե այսօր Ֆրանսիայի սիրտն աջից է բաբախում, թե ձախից: Նախընտրական մարաթոնի առաջատարը՝ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին լե Պենը, ունի կողմնակիցների ամենակայուն քանակակազմը: Նրան աջակցող ընտրողների շրջանում իրենց ընտրությանը վստահ է ավելի քան 80 տոկոսը: Մրցարշավի մյուս առաջատար մասնակցի՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի կողմնակիցների առայժմ միայն 50 տոկոսն է համանման վստահություն հայտնել:

«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի ներկայացուցիչների խոսքով՝ «նախագահական մարաթոնի այս նոր փուլն առանձնապես ինտենսիվ է լինելու»: Ֆրանսիայի նախկին վարչապետ, իսկ ներկայում Ֆրանսիայի մայրաքաղաքից Ազգային ժողովի պատգամավոր Ֆիյոնը ապրիլի 9-ին հանրահավաք է անցկացրել Փարիզում:

«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը 70 հազար կողմնակիցների է հանրահավաքի բերել Մարսելում: Սոցիոլոգիական ծառայությունների վերջին ուսումնասիրությունների համաձայն, Մելանշոնն անշեղորեն ամրապնդում է իր դիրքերը եւ այժմ վայելում է գրեթե յուրաքանչյոր հինգերորդ ֆրանսիացի ընտրողի աջակցությունը:

Ներկայում նա կրկնակի շատ կողմնակիցներ ունի, քան իշխող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը:
«Ըմբոստ Ֆրանսիայի թեկնածուն այժմ ընդհուպ մոտեցել է նախագահական մարաթոնի առաջատարների եռյակին: Առաջվա պես դրա կազմում են լե Պենը, Մակրոնը եւ Ֆիյոնը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը, 11 թեկնածուների մասնակցությամբ, տեղի կունենա ապրիլի 23-ին: Մայիսի 7-ին նշանակված երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: