Այս շաբաթ լուր տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է լքել զբաղեցրած պաշտոնը և վաճառել իրեն պատկանող «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Հայրապետյանը ոչ ավել ոչ պակաս մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ հանրությանը երջանկացրեց՝ հայտարարելով, որ Հայաստանի հողի վրա իրենից ամուր քիչ մարդ կա կանգնած, և նա չի պատրաստվում հեռանալ պաշտոնից և բռնել գաղթի ճամփան: Ինչ վերաբերվում է «Փյունիկ» ակումբին, ապա Հայրապետյանը կարծես թե գտել է այն միակին, ում այսքան երկար ժամանակ փնտրում էր։ Մարդու, ով կհովանավորի և կպահի ակումբը: Հայրապետյանի բաղձանքը փաստորեն իրականություն դարձավ: «Գտել եմ էն մարդուն, ով «Փյունիկ»-ը պահելու-պահպանելու է: «Փյունիկ»-ը հանձնվում է նրան, բայց գույքը մնում է իմ ընտանիքի սեփականությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Հայրապետյանը։ «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանին է պատկանում «Ֆոմլայն» ընկերությունը, որը Ռուսաստանում, Սերբիայում, Ուզբեկստանում, Լիտվայում եւ Ղազախստանում զբաղվում է նավթաքիմիական նյութերի, մասնավորապես՝ էլաստիկ պենոպոլիուրետանի արտադրությամբ։ Այս նյութը օգտագործվում է կահույքի արտադրության մեջ։ Որոշ տեղեկություններով, նա կապ ունի նաեւ Ռուսաստանում վերջերս հիմնադրված «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ:
Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել վերահաստատելու համար, որ հայկական ֆուտբոլում ինքն է որոշողը, քանի որ շատերի մոտ կարող էր կարծիք ձևավորվել, որ գոնե այս ոլորտում որոշողը փոխվել է: Մանկապատանեկան թիմերն ու ակումբը հանձնվել են նոր տիրոջը, բայց ակումբի ինֆրաստրուկտուրան մնացել է Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը: Այսինքն, ակումբը շարունակելու է մնալ Հայրապետյանի բիզնես պրոյեկտը: Ի դեպ, հենց բիզնես տրամաբանությամբ էլ նա վերաբերում է ոչ միայն «Փյունիկ»-ին (ինչը նորմալ է), այլ նաև` ֆեդերացիային: «Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, և միայն ես եմ այդ պաշտոնում»,- ասուլիսում հեգնանքով նկատել է Հայրապետյանը` հասկացնելով, որ չի հանդուրժելու որևէ մրցակցություն;
Աշխարհում շատ երկրներ կան, որոնք աղքատ են, չունեն ռեսուրսներ, բայց ֆուտբոլի շնորհիվ լուծում են իրենց միջազգային ճանաչելիության խնդիրը և նաև կարողանում են երկրում այդ գաղափարի շուրջ միավորել մարդկանց: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ֆուտբոլի միջոցով այնպիսի համակարգ ձևավորել, որը երկրում գլոբալ փոփոխությունների նախադեպ դառնա: Հայաստանում դա հնարավոր չէ. ձախողված է անգամ հավաքականը` չնայած այն հանգամանքին, որ ունենք Հենրիխ Մխիթարյանի մակարդակի համաշխարհային աստղ: Խնդիրը խորքային է` ինչպես Հայաստանի քաղաքականության, տնտեսության պարագայում: Երբ չկա մրցակցություն, զարգացումը բացառվում է: Այն, ինչ տեղի է ունենում ամբողջությամբ տեղավորվում է այն համակարգային իրականության մեջ, որն այսօր առկա է մեր երկրում: Բոլոր ոլորտները քվոտավորված են, ֆուտբոլն էլ Հայրապետյանի քվոտան է: Իսկ քվոտաների փոփոխությունը, ինչպես գիտենք, տեղի է ունենում քաղաքական որոշման հիման վրա: Սակայն դա Հայրապետյանին չի սպառնում: Նա նախագահի մարդն է, և եթե չլինեն ֆորս-մաժորային դեպքեր, իսկ դրանք հազիվ թե լինեն, ապա մինչև 2018 թվականը Հայրապետյանը կարող է հանգիստ սրտով շարունակել «զարգացնել» հայկական ֆուտբոլը: Դժվար է ասել ինչ կլինի արդեն 2018-ից հետո, քանի որ կրկին ներիշխականան համակարգային տրամաբանությունից ելնելով ուշագրավ իրավիճակ է ստեղծվում, երբ հայկական ֆուտբոլ է մտնում ռուսաստանցի հայ գործարար՝ հեռահար պլաններով: Ծանոթ զարգացումներ են չէ՞…: Հետաքրքիր է, կա՞ Արթուր Սողոմոնյանը այն ներդրումային հեռանկարներում, որոնց մասին խոսում է, օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանը: Եթե այո, ուրեմն հայկական ֆուտբոլին ևս ստատուս-քվոյի փոփոխություն է սպասվում և այս պայքարում Հայրապետյանը կարող է լինել միայն դիտորդի դերում՝ ենթարկվելով ներիշխանական փոփոխությունների տրամաբանությանը:
Ստելլա Խաչատրյան