Հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը։
Տեղի ունեցան «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների շրջանակում, համերգային ծրագրեր՝ սիրված երգահանների մասնակցությամբ, և մշակութային հանդիպումներ: Հայ կատարողներից բացի հանդես եկան նաև այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։
«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ կային Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց ։ Այսպիսով 2017-ի փառատոնը կարելի է համարել լիովին հաջողված։ Ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում է շնորհաշատ երիտասարդների հետաքրքրությունը բարդ ժանրի և առհասարակ մշակութային իրողությունների նկատմամբ, ինչ էլ առիթ է հանդիսանում նոր գաղափարներով և նախագծերով հանդես գալու», - նշեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը։ Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։