«Այս նախագահական ընտրությունների միջոցառումը ցույց տվեց, թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում ընտրությունները»,- Լուրեր.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց, որ հատկապես Երևանում բավական ուժեղ է հակաիշխանական ընտրազանգվածը, ինչը լավ պայմաններ է ստեղծում ոչ հանրապետական ուժերին Երևանի ավագանու ընտրություններում մեծամասնություն ստանալու հարցում, եթե, իհարկե, գրագետ ընտրարշավ անցկացնեն:
Բադալյանի խոսքերով՝ եթե ոչ հանրապետական ուժերը ցանկանում են իշխանափոխություն անել, ապա Երևանի ավագանու ընտրություններից առաջ պետք է հասարակության հետ ճիշտ քարոզարշավ անցկացնեն, և հանձնաժողովներում մարդիկ պետք է գրագետ լինեն իրավական տեսակետից, և, ամենակարևորը, ունենան արտաքին քաղաքական հաջողություն:
«Չնայած այս ամենին՝ ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Դա երևաց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԱՄՆ քարտուղարի շնորհավորական հեռագրերից, ովքեր, ճիշտ է, շնորհավորեցին գործող նախագահին, բայց իրենց հեռագրերում ընդգծել էին նաև Ղարաբաղի և հայ-թուրքական հարցերը լուծումը, այսինքն՝ ամեն դեպքում, նրանք փաստացի ճանաչել են, որ գործող նախագահը վերընտրվել է»,-ասաց Բադալյանը: