ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Կապան քաղքաի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ քաջարի կապանցիներին, Սյունիքի հերոսական ժողովրդին Կապան քաղաքի տոնի կապակցությամբ։

Կապանը մշտապես կարեւոր նշանակություն եւ դերակատարում է ունեցել հայոց պատմության մեջ։ Որպես սահմանաբնակներ բոլոր կապանցիները նաեւ սահմանապահ են, երկրապահ են։ Սահմանին բնակվելով՝ նրանք երաշխավորում են մեր խաղաղ կյանքը Երեւանում, Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում, այլուր։ Նույն կերպ էլ Հայաստանի բոլոր տարածքների բնակչությունն անհրաժեշտության պահին, զենքը ձեռքին, կանգնել է Կապանի պաշտպանության համար։ Իմ հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադի զորամիավորումներն էլ տեղակայված են եղել Կապանում։ Օրերս նշելու ենք բրիգադի կազմավորման 25-ամյակն, ինչի կապակցությամբ եւս շնորհավորում եմ նաեւ կապանցիներին։ Կապանի երախտապարտ ժողովուրդն ինձ Կապանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացրել, եւ ես պատվով ու հպարտությամբ եմ կրում կապանցի տիտղոսը։

Կապանը հայ ազգին արժանավոր զավակներ է պարգեւել՝ Դավիթ Բեկ, առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյան, այսօրվա քաջեր, կապանցիները նաեւ արվեստագետներ, մտավորականներ, գիտնականներ ու մարզիկներ են։ Այսօր էլ հայրենասիրական քարոզչության մեջ Կապանն առաջին շարքերում է։ Հենց Կապանում բացվեց «Պատանի երկրապահ» հայրենասիրական դպրոցական առաջին ակումբներից մեկը։ Կապանցիներն ամեն դրական գործում էլ առաջամարտիկ են, քանզի զորություն են ստանում Խուստուփից, որի լանջին ամփոփված է Նժդեհի մասունքը, զորություն են ստանում Վահանավանքից, Հալիձորից...

Դուք վաստակել եք տոն ունենալու իրավունքը, սիրելի՛ կապանցիներ։ Շնորհավորում եմ, տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում ամենքիդ։ Եղեք առողջ, երջանիկ, հաջողակ։
Խաղաղություն մեր երկրին եւ Աստված պահապան ամենքիս։