««Ոսկու աշխարհում» ծավալվել են շինարարական աշխատանքներ, որոնք կտևեն վեց ամսից մինչև մեկ տարի: Շուկան ոչ միայն կոսմետիկ նորոգման է ենթարկվում, այլ ավելին՝ այն ընդհարձակվելու է ավելի քան 4000 քառակուսի մետրով»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը՝ նշելով, որ այժմ շուկան ունի ավելի քան 800 առևտրական և այս աշխատանքների ավարտից հետո նրանց թիվը զգալի չափով կավելանա:
Դիտարկմանը, որ, ըստ մեր տեղեկությունների, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո առևտրականները լավ տեղերում աշխատելու համար ստիպված են լինելու նորից և ավելի թանկ վճարել, Աբրահամյանը պատասխանեց. «Մտահոգությունը, թե ոսկու շուկայում լավ տեղերը տալու ենք ծանոթ-բարեկամի, կամ նրանց, ովքեր ավելի շատ կվճարեն, անհիմն է: Տաղավարների համար գործում են կոնկրետ վարձավճարներ, որոնք չեն ավելանա, և այն մարդն, ով այդ լավ տեղում է աշխատել, կշարունակի իր տեղը պահպանել՝ առանց հավելյալ վճարելու: Ես չեմ պատրաստվում բարձրացնել տեղերի վարձավճարները, որովհետև, եթե դրանք բարձրանան, աշխատակիցները կարող են պարզապես հեռանալ, իսկ այդ դեպքում՝ ո՞վ աշխատի, որ մենք կարողանանք պետությանը հարկ տալ և նաև մեզ պահել»:
Հարցին՝ իսկ ի՞նչ գներով են տրամադրվելու նոր բացվող տաղավարները վաճառականներին, և արդյո՞ք դրանք կլինեն ավելի բարձր, քան ներկայիս գործող գներն են, Աբրահամյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ հարմարվել ենք մեզ մոտ աշխատող առևտրականների հետ: Դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի՞ տաղավար կավելանա այս նոր հատվածում և նրանց համար որքա՞ն վարձավճար կսահմանվի, բայց այն, որ հարմարվելու ենք աշխատակիցների հետ, դա հաստատ է»:
««Ոսկու աշխարհ»-ի տնօրենից հետաքրքվեցինք նաև՝ արդյո՞ք 2018 թվականի հունվարի մեկից հետո թանկացումներ կլինեն նաև ոսկու շուկայում:
Ըստ Աբրահամյանի՝ ոսկու շուկայում 99%-ով բացառվում են թանկացումները. «Ոսկին չի թանկանա, միայն մեկ տոկոս հավանականություն կա, որ այն կարող է թանկանալ. դա կապված է ոսկու միջազգային գների հետ»:
Աղավնի Սուքիասյան