Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով գնալը պարտություն է, նվեր իշխանության համար: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Կարևորելով Երևանի ավագանու ընտրությունները՝ Արմեն Բադալյանն ասաց, որ դրանք խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին համապետական ընտրություններն են, ուստի որ քաղաքական ուժը Երևանի ավագանու կազմում կունենա մեծամասնություն և կկարողանա նշանակել քաղաքապետ,նա էլ էապես կազդի ապագա ԱԺ կազմի վրա:
Նրա կարծիքով՝ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը պարտադիր պետք էմասնակցեն մայիսյան ընտրություններին, քանի որ եթե նրանք չեն մասնակցում, ավելին՝ բոյկոտում են այս ընտրությունները, ապա կարելի է ասել, որ ի սկզբանե ԱԺ ընտրություններում պարտված են դուրս գալու:
Ինչ վերաբերում է այդ ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալուն, ապա ըստ Արմեն Բադալյանի՝առաջին հայացքից դա գրավիչ գաղափար է, եթե հաշվի առնենք այն, որ այս նախագահական ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ պարզվեց, որ Երևանում բավականին ուժեղ էհակաիշխանական ընտրազանգվածը:Բայց, փորձագետի խոսքով, քաղաքականության մեջ կան օրենքներ, որոնց պարտավոր են քաղաքական գործիչները տիրապետել, եթե մասնակցում են ընտրական գործընթացին:
«Քաղաքական ուժերն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ: Երբ քաղաքական ուժերը միավորվում են, առաջին հերթին միավորվում են նրանց բացասական, վանիչ կողմերը: Եթե ընդունենք, որ այս ընտրություններին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»մեկ ցուցակ են կազմում և մասնակցում, ապա առաջին հերթին միասնական ցուցակը կմիավորի այդ կառույցների բացասական, վանիչ գծերը, ինչն անդրադառնալու է այդ ուժերի ընտրազանգվածների որոշման վրա: Այսինքն՝ եթե վերցնենք ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ընտրազանգվածը, գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի մասը խիստ կասկածելի վերաբերմունք ունի «Ժառանգության» և նրա լիդերի նկատմամբ, նույնը կարող ենք ասել «Ժառանգության» ընտրազանգվածի վերաբերյալ, որոնք շատ դեպքերում խիստ կասկածելի, որոշ դեպքերում թշնամական վերաբերմունք ունեն ՀԱԿ-ի նկատմամբ: Եթե սա միավորում ես մեկ կառույցի մեջ, վանող գծերը մյուս կառույցների ընտրազանգվածներին ետ են պահելու ընտրությունից, որի արդյունքում ունենալու ենք հետևյալ պատկերը՝ ընտրազանգվածի գումարն ավելի քիչ կլինի, եթե նրանք առանձին-առանձին գնան ընտրության: Այսինքն՝ եթե միավորվում են, կորցնում են ընտրազանգված»,- մեկնաբանեց փորձագետը՝ չբացառելով, որ այդ ուժերի ընտրազանգվածն ընտրիՀանրապետական կուսակցությանը՝ այդպիսով իշխող ուժին նվեր մատուցելով:
Երկրորդ հարցն, ըստ Ա. Բադալյանի, հետևյալն է՝ ի՞նչ սկզբունքով են ձևավորելու միասնական ցուցակը և ո՞վ է գլխավորելու ցուցակը, որովհետև ով գլխավորումէ ցուցակը, նա ամենամեծ շանսն ունի ապագա քաղաքապետ դառնալու: «Եթե հաջողության չհասնեն, ամեն մեկը սկսելու է մյուսին մեղադրել պարտության մեջ, ուժերի միջև թշնամանքն ավելանալու է: Միավորվելու դեպքում նաև տպավորությունէ ստեղծվում, որ միավորվում են ընդդեմ Հանրապետականի: Ավագանու ընտրությունների ժամանակ այդ «ընդդեմ»-ը չի աշխատելու, սա 2008-ի նախագահական ընտրությունները չեն, չպետք է շփոթել. այնտեղ կար Ռոբերտ Քոչարյանի բացասական կերպարը, ատելություն արտահայտող կերպարի դեմ միավորվեցին բոլորը և ձայն տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիմա դա չի աշխատելու, հիմա պետք է լինի «հանուն»-ի միավորում, իսկ միավորման սկզբունքով ենթագիտակցաբար «ընդդեմ»Հանրապետականի է ստացվում: Մինչդեռ Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, կարելի է դրանց լուծման ուղղությամբ տանել քարոզարշավ և առանձին-առանձին գնալ այդ ընտրություններին»,- խորհուրդ տվեց փորձագետը:
Անդրադառնալով ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ցուցակի վերաբերյալ փոխադարձ հրավերքներին, ապա, ըստ նրա, ցանկալի կլինի, որ նրանցից ոչ մեկը չսպասի հրավերքի,ևարդեն ինքը սկսի իր ընտրարշավին պատրաստվելու աշխատանքը: Ա. Բադալյանի համոզմամբ՝ այդ ուժերն ավելի արդյունավետ կարող են համագործակցել ընտրական հանձնաժողովներում, և այդպես ճիշտ է: