Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև առկա են որոշակի հակասություններ: «Այս առումով կարևոր էր շեշտադրումը, որ Հայաստանը հաջող օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել երկու ուղղությունները և օգտագործել այն ոչ միայն սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի համար, այլ նաև չհակադրել մեկը մյուսին»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին հանդես է գալիս որպես մի հարթակ, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ շեշտադրում են ոչ միայն իրենց անվտանգային առաջնահերթությունները, այլ նաև մատնանշում են այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է իրականացվել իրենց երկրների անվտանգային քաղաքականությունը: Եվ տվյալ պարագայում, ուշադրություն դարձնելով Նախագահ Սարգսյանի ելույթին և հնչեցված հարցերին տրված պատասխաններին, կարող ենք անդրադառնալ այն հարցերին, որոնք առաջնահերթ են Հայաստանի անվտանգային բաղադրիչի համար: «Պարզ է, որ տարածաշրջանի տեսանկյունից շեշտադրվում էին ոչ միայն անվտանգային, այլ նաև արտաքին քաղաքականության գերակայությունները, մասնավորապես այն, ինչ վերաբերվում է Հայաստանի հնարավոր մասնակցությանը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին եվրասիական ինտեգրացիոն ուղղվածության շրջանակներում»,- ասաց Մարկարովը:
Քաղաքագետը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ հստակ շեշտել է, որ առանց Ադրբեջանի իրատեսական մոտեցման անհնար է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Նշվեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ անդրադառնալ առկա հարցերին, սակայն միայն բանականության շրջանակներում, առանց Ադրբեջանի անիրատեսական մոտեցումների, որը իրականության ընկալման հետ խնդիրներ ունի»,- մանրամասնեց Մարկարովը:
Նա Նախագահի ելույթի կարևոր շեշտադրում է համարում այն, որ Թուրքիայի ղեկավարության պահվածքը հասցրել է նրան, որ այդ երկիրը շարունակում է բացասական հարաբերություններ ունենալ գրեթե բոլոր հարևանների հետ, որտեղ Հայաստանը բացառություն չէ: «Հստակ նշվեց, որ այն հանգամանքը, որ Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում չի կարողացել քաղաքական կամք դրսևորել և կյանքի կոչել նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությոնւները, ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքականությունը չի կարող իրականացվել նախապայմաններ առաջ քաշելու սկզբունքով»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը, ցուցաբերելով բարի կամք և անցնելով բավականին լուրջ ճանապարհ, կարողացել է Թուրքիային առաջարկել այն, ինչին այդ երկիրը չի կարողացել ճիշտ արձագանքել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցածելույթում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին: Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։